ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պրեմիեր լիգայի եռյակը նույնն է

Պրեմիեր լիգայի եռյակը նույնն է
01.11.2016 | 09:08

Եվրոպական ֆուտբոլային գրանդներից շատերը տուրի խաղերում նախապատվությունը տվեցին մրցակցի դարպասը չորսական անգամ «թրջելուն», ու սրանում առանձնապես ջանացին անգլիական ակումբները, Չեմպիոնների լիգայի հանդիպումներին ընդառաջ «Մոնակոն» սովորույթի ուժով միավորներ է կորցնում (կամ ոչ-ոքի է խաղում, կամ պարտվում), արդեն հինգերորդ տարին անընդմեջ «Նապոլին» չի կարողանում վերջակետ դնել Թուրինում պարտվելու տխուր ավանդույթին, Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Մանչեստր Յունայթեդը» միայն պորտուգալացուն հասկանալի ֆուտբոլ է ցուցադրում, ու ինչ-որ տեղ անգամ լավ է, որ մեր Հենրիխ Մխիթարյանը չկա նրա հայտացուցակում, «Նիցցան» ներքին առաջնությունում վերածվել է միջնադարից քաջածանոթ գիլիոտին կոչված մարդասպան մեքենայի:

ԱՆԳԼԻԱ
Քսանական միավորով նախորդ տուրից առաջատար եռյակը կազմած «Մանչեստր Սիթին», «Արսենալն» ու «Լիվերպուլն» իրենց բաժին դիմակայությունն ավարտեցին հաղթանակով, և յուրաքանչյուրն իր սուրբ պարտքը համարեց մրցակցի դարպասը չորս անգամ գրավելը: Տարբերությունն այն է, որ եթե «քաղաքաբնակները» «Վեստ Բրոմվիչի» առաջ ամուր փակեցին իրենց դարպասը տանող ճանապարհները, ապա «Արսենալը» «Սանդրլենդին» մեկ, իսկ «Լիվերպուլը» «Կրիստալ Պալասին» երկու անգամ թույլ տվեցին նման մեծահոգություն: Հատկանշական փաստ. երեքն էլ հաղթել են արտագնայում, ինչն ավելի ծանրակշիռ է դարձնում արածի գինը:


Մյուս հանդիպումներից «Տոտենհեմը» սեփական հարկի տակ չկարողացավ առավելության հասնել «Լեստերի» նկատմամբ (1:1): Նույն ճակատագիրն էր վերապահված «Բյոռնլիին» հյուրընկալած «Մանչեստր Յունայթեդին» (0:0), որն արդեն երրորդ անընդմեջ խաղում չի կարողանում հաղթել ներքին առաջնությունում: Հանուն ճշմարտության ասենք, որ այս դիմակայությունը վերածվեց «Բյոռնլիի» դարպասապահ Թոմ Հիտոնի բենեֆիսի, ով պարզապես ֆանտաստիկ էր: Ինչ վերաբերում է Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ գործող «Չելսիին», թիմն արդյունավետ եղավ «Սաուտհեմպտոնի» հետ խաղում՝ 2:0, ինչի հաշվին էլ Ռոման Աբրամովիչի ակումբը քսաներկու միավորով աղյուսակի արդեն չորրորդ հորիզոնականում է:

ԻՍՊԱՆԻԱ
Միանգամից ասենք, որ լա լիգայում չեմպիոնության համար պայքարի մեջ լծվածներից տուրի բոլոր մրցակիցներն էլ համեստ վաստակի տեր թիմեր էին, ինչը, սակայն, զորօրինակ, Խիխոնի «Սպորտինգին» չխանգարեց «Սևիլիայից» միավոր պոկել՝ 1:1:
Հաշվի առնելով հանդիպման հաշիվը՝ առանձնապես իրեն այնքան էլ կարգին չդրսևորեց «Բարսելոնը»՝ «Գրանադայի» նկատմամբ հաթանակը նվազագույն հաշվով էր: Հաշվենք, թե կատալոնցիները Չեմպիոնների լիգայի խմբային հանդիպումների շրջանակում «Մանչեստր Սիթիի» հետ ունենալիք հանդիպումից առաջ էներգիայի տնտեսում արեցին, ու սույնով մխիթարվենք:


Իսկ ահա մադրիդյան երկու գերակումբները՝ «Աթլետիկոն» ու «Ռեալը», ներկայացան ողջ հմայքով: Առաջինը 4:2 հաշվով առավելության հասավ «Մալագայի» նկատմամբ, երկրորդը 4:1 հաշվով գերազանցեց «Ալավեսին»: Հանդիպման ընթացքում Ռոնալդուն դարձել է երեք գոլի հեղինակ ու ազգային առաջնություններում խփած գոլերի թիվը հասցրել 350-ի, թեպետ կարող էր հասցնել և 351-ի, եթե երկրորդ տասնմեկմետրանոցն էլ իրացներ:


Աղյուսակը 24 միավորով գլխավորում է «արքայականը»: «Բարսելոնը» հետ է մնում երկու միավորով, իսկ երրորդ-չորրորդ հորիզոնականներում են քսանմեկական միավոր ունեցող «Աթլետիկոն» ու «Սևիլիան»:

ԻՏԱԼԻԱ
«Յուվենտուս»-«Նապոլի» դիմակայությունը տուրի հիմնական զարդն էր, ու դա ոչ միայն սկուդետոյի մակարդակով: Երկրորդ խաղակեսում նեապոլցիները մի պահ կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն «ծեր սինյորան», այնուամենայնիվ, արեց իրենն ու կորզեց հաղթանակը (2:1), ինչն էլ հնարավորություն տվեց երկրորդ հորիզոնականում գտնվող «Ռոմայից» (արտագնայում զրոյական ոչ-ոքի է ունեցել «Էմպոլիի» հետ) առաջ պոկվել արդեն չորս միավորով: Համեստ հաշվով, «Պեսկարի» նկատմամբ հաղթանակ է տոնել «Միլանը» (1:0), որի ակտիվում է երրորդ հորիզոնականը: Միլանցիներն ունեն 22 միավոր: Այն ընդամենը մեկ միավորով է պակաս իտալական «գայլերի» ունեցածից:

ԳԵՐՄԱՆԻԱ
Եթե «Բավարիայի» առաջին տեղում մնալը տրամաբանական զարգացումների շրջանակում էր (արտագնայում 3:1 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին»), ապա գերմանական նոր պրոյեկտը՝ «Լայպցիգը», շարունակում է հաճելիորեն զարմացնել իր հերթական հաղթանակով: Իհարկե, «Դարմշտադտի» նկատմամբ հաղթանակն արտառոցների շարքին չի կարելի դասել, սակայն չմոռանանք, որ առավելությունը ձեռք է բերվել մրցակցի դաշտում՝ 2:0:
Առաջատար եռյակի նոր խմբագրման գործում այս անգամ իր ներդրումն ունեցավ «Հոֆենհայմը»՝ սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասնելով գերմանական մյուս նոր պրոյեկտի՝ մինչ այդ աղյուսակի երրորդ հորիզոնականում գտնվող «Հերտայի» նկատմամբ: Ինչ վերաբերում է Դորտմունդի «Բորուսիային», Թոմաս Տուխելի սաները ներքին առաջնության խաղերում որոշակիորեն սմքել են ակումբից Հենրիխ Մխիթարյանի հեռանալուց հետո: Առհավատչյան՝ միավորների հերթական կորուստը, այս անգամ՝ «Շալկեի» հետ խաղում՝ 0:0:
«Բավարիան» առջևում է 23 միավորով, նրան հաջորդում են 21 ու 19 միավորներ ունեցող «Լայպցիգն» ու «Հոֆենհայմը»:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի առաջատար եռյակից միավոր կորցրած միակ թիմը եղավ «Սենտ Էտիենի» հետ նրա իսկ դաշտում ոչ-ոքի (1:1) խաղացած «Մոնակոն»: Սույնը շահեկան եղավ արտագնայում նվազագույն հաշվով հաղթանակ տոնած «Պարի Սեն Ժերմենի» համար, որն էլ հավաքած 23 միավորով երրորդ-երկրորդ հորիզոնականներն է կիսում մոնեգասկների հետ:
Դիվիզիոնի առաջատարը շարունակում է մնալ «Նիցցան», որի հարվածային գլխավոր ուժն է դարձել «Սուպեր Մարիո» մականունը կրող Բալոտելին: Հարավցիներն այնպիսի խելահեղ թափ են հավաքել, այնպիսի անթաքույց կրքով են խաղում, որ մնում է միայն ու միայն ցավակցել նրա մրցակիցներին: Այս անգամ նման կարգավիճակում էր հայտնվել հյուր եկած «Նանտը»՝ 4:1: «Նիցցան» արդեն վեց միավորով է առաջ եռյակի իր մրցակիցներից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ